Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մարիանո Ռախոյը գնաց Բարսելոն

Մարիանո Ռախոյը գնաց Բարսելոն
13.11.2017 | 09:49

Բարսելոնում նոյեմբերի 11-ի երեկոյան անկախության կողմնակիցները դուրս եկան ցույցի: Դա առաջին զանգվածային բողոքն էր Կատալոնիայի մայրաքաղաքում քաղաքական գործիչների ձերբակալությունից հետո, որոնց Մադրիդը մեղադրում է ապստամբություն հրահրելու ու պետական միջոցները վատնելու մեջ:


AFP-ը հատնում է, որ կազմակերպիչները ծրագրում էին սեպտեմբերի 11-ի հանրահավաքի պես բողոքի ակցիա, երբ անկախության միլիոնից ավելի կողմնակիցներ դուրս էին եկել փողոց` նշելու Կատալոնիայի «ազգային տոնը՚ և վերջին քաղաքական ազդանշանը հղելու Մադրիդին` հանրաքվեից առաջ: Բարսելոնի ոստիկանության տվյալներով` նոյեմբերի 11-ին փողոց էր դուրս եկել 750 000 ցուցարար: Հանրահավաքի գլխավոր նպատակը շրջանից Մադրիդի ուղիղ կառավարումը հանելու և քաղբանտարկյալների ազատ արձակելու պահանջն էր: Իսպանիայի իշխանությունները ձերբակալել են կատալոնական 8 նախկին նախարարների, ևս 5-ի վերաբերյալ, այդ թվում` Ժեներալիտետի նախկին նախագահ Կառլես Պուչդեմոնի, ձերբակալության հրամանագիր են տվել: Պուչդեմոնը Բրյուսելից դիմել էր հանրահավաքի մասնակիցներին, նրա ուղերձը հեռարձակեց կատալոնյան TV3 հեռուստաալիքը: Իսպանիայի դատախազությունը մեղադրում է կատալոնյան քաղաքական գործիչներին ապստամբություն սադրելու և պետական միջոցները վատնելու մեջ: Ապստամբություն ասելով` իսպանացի իրավապահները հասկանում են հոկտեմբերի 1-ին անցկացված անկախության հանրաքվեն և հոկտեմբերի 27-ին Կատալոնիայի անկախության հռչակումը, իսկ պետական միջոցների վատնումը` այդ գործընթացներին հատկացված գումարն է: Նոյեմբերի 8-ին Իսպանիայի Սահմանադրական դատարանը չեղարկեց Կատալոնիայի խորհրդարանի միակողմանի հռչակած անկախության որոշումը: Հոկտեմբերի 27-ին Իսպանիայի իշխանությունները` ի պատասխան անկախության հռչակման, լուծարեցին Կատալոնիայի կառավարությունն ու խորհրդարանը և հայտարարեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններ շրջանում դեկտեմբերի 21-ին: Անցած շաբաթ անցկացված սոցհարցումները վկայում են, որ ընտրություններում կհաղթեն անկախության կողմնակիցները, բայց առայժմ պարզ չէ` կունենա՞ն նրանք բացարձակ մեծամասնություն: Նոյեմբերի 10-ին El Pais-ը, հղում անելով Իսպանիայի կառավարության ներկայացուցիչ Ինյեգո Մենդես դե Վիգոյին, հաղորդեց, որ Իսպանիան պատրաստվում է նոյեմբերի 13-ին ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդում բարձրացնել ռուս հաքերների հնարավոր ներգործության հարցը Կատալոնիայում իրավիճակի սրման վրա:
RFI


Հ.Գ. Չվախենալով ռուս հաքերներից` նոյեմբերի 12-ին Բարսելոն մեկնեց Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը` անջատողականների հանրահավաքի հենց հաջորդ օրը: Նա Բարսելոնում չէր ոչ Մադրիդի ուղիղ կառավարումը վերացնելու, ոչ քաղբանտարկյալներին ազատ արձակելու համար: Ռախոյը գնացել էր աջակցելու դեկտեմբերի 21-ին նշանակված ընտրություններին մասնակցող պահպանողական Ժողովրդական կուսակցության թեկնածուներին: Իր կուսակցության հանրահավաքում Իսպանիայի վարչապետը հայտարարեց, որ ցանկանում է ՙվերադարձնել ժողովրդավարական ու ազատ՚ Կատալոնիան: Նա բիզնեսին կոչ արեց չհեռանալ ապստամբ շրջանից, իսկ իսպանացիներին` չբոյկոտել կատալոնական արտադրանքը: Ճգնաժամը սկսվելուց հետո 2400 ձեռնարկություններ հեռացել են Կատալոնիայից: Հետաքրքիր է` ի՞նչ է անելու Մարիանո Ռախոյը, եթե դեկտեմբերյան արտահերթ ընտրություններում հաղթեն անկախության կողմնակիցները և նորից անկախություն հռչակեն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3778

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ